հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաջորդ իշխանությունը պետք է առոչինչ ճանաչի Նիկոլ Փաշինյանի բոլոր պայմանավորվածությունները․ «Դիմադրությունը» հռչակագիր է պատրաստում

Հաջորդ իշխանությունը պետք է առոչինչ ճանաչի Նիկոլ Փաշինյանի բոլոր պայմանավորվածությունները․ «Դիմադրությունը» հռչակագիր է պատրաստում

Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, պոսելով իր եվրոպական այցի մասին, ասաց, որ Ստրասբուրգում իր հանդիպումների օրակարգում եղել է Արցախի հարցը, խոսել է նաև ռազմագերիների հարցի վերաբերյալ: 

Ըստ Սաղաթելյանի՝ սուտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե կա միջազգային հանրության ձևավորված պահանջ Արցախի կարգավիճակում նշաձողը իջեցնելու հարցում։

՛՛Եղել է պահանջ՝ ընդհանուր խաղաղության օրակարգի և խաղաղության հասնելու, բայց երբ միջազգային գործընկերներին բացատրում էի, որ այդ խաղաղությունը չի կարող լինել հայ ժողովրդի հայրենազրկման, Արցախի հայաթափման ու էթնիկ զտման գնով, այդ հիմնավորումներն ու փաստարկներն առարկություն չունեին, ինչը շատ հասկանալի է՛՛.-նշեց նա:

Բացի այս՝ Սաղաթելյանը եւս մեկ արձանագրում արեց. նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այստեղ ևս ամբողջությամբ ձախողվել են: ՛՛Հայաստանի և Արցախի պաշտպանությունը միջազգային հարթակներում բացարձակ բարձիթողի վիճակում է, մեր շահերը պաշտպանված չեն՛՛,-ասաց նա:

Նա նաեւ հավելեց, որ այսօր միջազգային հարթակներում թուրք–ադրբեջանական պատվիրակությունները ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը ներկայացնում են որպես ռևանշիստներ, որոնք ցանկանում են ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում։

՛՛Դիմադրություն՛՛ շարժման համակարգողը նաև տեղեկացրեց, որ հիմա պատրաստվում են դենոնսացիայի՝ չեղարկման մի հռչակագրի, որի բովանդակությունը հետևյալն է՝  հաջորդ իշխանությունները պետք է առոչինչ համարեն Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած որևէ պայմանավորվածություն՝ գրավոր, թե բանավոր։

Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Հաշվի առնելով, որ Փաշինյանը կապ չունի մեր ժողովրդի շահերի և կամարտահայտության հետ, նախընտրական շրջանում իր պլատֆորմով և կառավարության ծրագրով ժողովրդին խոստացել է մի բան, և հիմա անում է ամենևին այլ բան, սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը՝ մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական, առաջնահերթ շահերը՝ մենք հանդես ենք գալու նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանկացած բանավոր և գրավոր պայմանավորվածություն՛՛։

Նա հավելեց, որ այդ փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու են, որ դրա ներքո ստորագրեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև՝ ամբողջ աշխարհը՝ ներառյալ Ալիևն ու Էրդողանը:

  • Կիսվել: