կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաագայի որոշումը կարևոր հաղթանակ էր ՀՀ–ի համար, որը ապագայում պետք է օգտագործվի. Գոհար Մելոյան

Հաագայի որոշումը կարևոր հաղթանակ էր ՀՀ–ի համար, որը ապագայում պետք է օգտագործվի. Գոհար Մելոյան

Արդարադատության միջազգային դատարանի որոշումն առնվազն հաղթանակ էր ՀՀ–ի համար և թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դիվանագիտական կորպուսի համար հետագայում օգտագործվելիք շատ անհրաժեշտ և շահագործման ենթակա փաստաթուղթ։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը։

Սահմանադրագետը, սակայն, կարծում է, որ ինչպես նախորդ որոշումների դեպքում, այս անգամ էլ Ադրբեջանը չի կատարելու իր պարտավորությունը։

«Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ չի խորշում է նմանատիպ որոշումների իրագործումից, ունեցել ենք նախադեպեր, երբ ՀՀ–ի դիմումը բավարարվել է, սակայն Ադրբեջանը, անգամ լինելով այդ միջազգային կառույցների անդամ, չի կատարել նրանց պահանջները»,–ասաց նա։

Մելոյանի կարծիքով` ցավալին ոչ թե դատարանի պահանջը չկատարելն է, այլ որ Ադրբեջանի անգործությունը կամ որոշումները չկատարելու ուղղակի դիտավորությունը որևէ հետևանք չեն ունենում։

Սահմանադրագետը նշեց` այլ պետությունների օրինակներ կան, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում նման հարցը բարձրաձայնվում է, և սանկցիաներ են կիրառվում միջազգային պարտավորություններից ձեռնպահ մնացող կամ պարտավորությունները խախտող պետությունների նկատմամբ։ Սակայն, Հայաստանը թեպետ բարձրացնում է այդ հարցը, բայց այն կրկին որևէ հետևանք չի ունենում։

«Միջազգային կառույցները, առնվազն իրենց հեղինակության համար մտահոգվելով և առնվազն իրենց կանոնադրություններից, միջազգային փաստաթղթերի դրույթների արձանագրումներից ելնելով, պետք է որոշակի սանկցիոն մեխանիզմներ կիրառեն, որ տվյալ պետությունը այդքան ուղղակի քամահրանքով չվերաբերվի իրենց ակտերին»,–հավելեց Մելոյանը։

  • Կիսվել: