Գյումրիում իշխանությունը վերցնելու հարց դրված չէ. իշխանությունը վերցնելու մի ձև կա. Շիրակի մարզպետ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտվանից վարույթ էր սկսել, հասկանալու համար, թե արդյոք համատեղելի են, որ քաղաքապետը քաղաքապետ է, իսկ իր փեսան՝ քաղաքապետի առաջին տեղակալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին և նրան, թե այս պահին ինչպես է այն ղեկվարվում, երբ քաղաքապետը կալանավորված է։
«Մինչ որոշումը կայացնելը, հրապարակելը ավտոմատ առաջին տեղակալն է ժամանակավոր պաշտոնակատար դառնում։ Որպես այդպիսին պարզաբանումներ չկան այդտեղ, դեռ այդ գործընթացն է՝ համատեղելի՞ է, թե՞ համատեղելի չէ։ Իմ ունեցած տեղեկություններով, այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը առաջին տեղակալն է»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք ՔՊ–ն նպատակ է դրել իշխանությունը Գյումրիում ամեն գնով վերցնե՞լ, քանի որ Վարդան Ղուկասյանի կուսակցության անդամներին հերթով կանչում են հակակոռուպցիոն կոմիտե, մարզպետը պատասխանեց. «Դեժավյու է մոտս, էդ նույն բանը լրագրողները հարցնում էին 2024 թվականին Սամվել Բալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված։ Մենք այդ ժամանակ չվերցրեցինք իշխանությունը։ Եթե ասում ենք՝ ամեն գնով վերցնել, նշանակում է վերցնել։ Մենք նման գործելաոճ չունենք։ Մենք իշխանություն վերցնելու մի ձև գիտենք՝ լեգիտիմ ընտրությունները։ Այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերներին, իրենց ավագանու ցուցակը մեծ է, եթե որևէ մեկին իրավապահ համակարգը ինչ-որ խնդիրներ պարզաբանելու համար հրավիրում է, մենք դեպքն ունենք, որ Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու, այդտեղ գործընթացը իր հունով գնում է։ Իրենք իրենց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում։ Մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ էլ նպատակ կա։
Իրենց ավագանիները հերթով գալիս, իրենց քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը ևս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, այդպիսի բան չկա։ Այդ մարդիկ իրենց աշխատանքին են, իրենց թե՛ ավագանիները, թե՛ համայնքապետարանի աշխատողները, առաջին տեղակալն էլ է տեղում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ։ Քաղաքապետարանը իր բնականոն հունով աշխատում է ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է»,– հայտարարեց Դավիթ Առուշանյանը։


