«Գյոյչա» անվանման գործածումը չի տեղավորվում խաղաղության խոսույթում. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Սևանի մասին խոսելիս «Գյոյչա» անվանման կիրառումը չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալիևի ձևակերպումներին՝ նա ասաց. «Ձևակերպումն այդպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։
Բայց միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան ցարական շրջանի բազմաթիվ քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ էլ ուզում պատմության մեջ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա։
Խոսենք իրական Հայաստանի, իրական, այսօրվա՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»։
Նա նշեց, որ իրականում կա ստորագրություն, Ալմա Աթայի հռչակագրով սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ. «Ինձ համար, որպես կառավարության անդամի, սրա կշիռն անհամեմատ ավելի մեծ է»։


