«Գործ ենք տալու» ու լավ ենք անելու, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չէ, այլև պատվաբեր է. Իոաննիսյան
Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ` կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը` քահանա, ոստիկան, փականակագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմ հարազատ եղբայրը (որ չունեմ)` «գործ ենք տալու» ու լավ ենք անելու։
Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։
Հ.Գ. Եվ այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միություն» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որը հանգեցրել է հոգևորականների ձերբակալությունների:


