հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Գնացեք իրեն ինչ ուզում եք՝ ասեք. Իմ մոտ մի ասեք». Աղազարյանը՝ Գևորգ Պետրոսյանի հետ միջադեպի մասին

«Գնացեք իրեն ինչ ուզում եք՝ ասեք. Իմ մոտ մի ասեք». Աղազարյանը՝ Գևորգ Պետրոսյանի հետ միջադեպի մասին

Ինձ համար շատ տհաճ է, երբ իմ ներկայությամբ ուրիշներին վիրավորում են, ցանկացած մարդու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր և ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հրապարակային բանավեճին։

«Եթե իմ ներկայությամբ ցանկացած մարդու վիրավորում են եւ այդ մարդն այդտեղ չէ, որ կարողանա  արձագանքել կամ պատասխանել, ապա ես դա համարում եմ վիրավորանք իմ նկատմամբ։ Առավել ևս, որ մինչեւ բանավեճի սկսելը ես խնդրել էի պարոն Պետրոսյանին՝ հաշվի առնելով իր վերաբերմունքը շատ–շատերի նկատմամբ, նաև իմ նկատմամբ, խնդրել էի, որ որեւէ վիրավորական խոսք իմ նախկին գործընկերների հետ կապված չհնչի։ Ինքը համաձայնել էր, բայց հետո շարունակեց, ու այդպես ստացվեց։

Իմ ներկայությամբ, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ցանկացած մեկին, որի հետ ես այս կամ այն կերպ առնչություն եմ ունեցել, վիրավորական խոսք են ասում, ես արձագանքում եմ մոտավորապես նույն ձեւով։ Գնացեք իրեն ինչ ուզում եք՝ ասեք։ Իմ մոտ մի ասեք։ Բարդ բան եմ ասո՞ւմ»,–ասաց նա։

 

Հիշեցնենք, որ եթերում բանավեճի ճամանակ Գևորգ Պետրոսյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս նրան անվանել է «Նիկոլ Փաշին», ինչը առաջացրել է Աղազարյանի վրդովմունքը։ Երկուստեք հնչել են վիրավորական արտահայտություններ եւ ի վերջո, Հովիկ Աղազարյանը բարկացած լքել է ստուդիան։

  • Կիսվել: