շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԳԽ պատգամավորները կոչ են անում այս վիճակը չհանդուրժողներին՝ համախմբվել եւ կասեցնել այս ընթացքը

ԳԽ պատգամավորները կոչ են անում այս վիճակը չհանդուրժողներին՝ համախմբվել եւ կասեցնել այս ընթացքը

Առավել քան ակնհայտ է, որ  հայկական երկու պետությունների  իշխաննությունների գործունեությունը  ոչ միայն չի բխում  Հայաստանի Անկախության Հռչակագրի սկզբունքներից, այլեւ ուղղակիորեն հակասում է պատմական եւ իրավաքաղաքական բացառիկ կարեւորության  այդ փաստաթղթի  տառին եւ ոգուն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության առաջին Գումարման գերագույն խորհուրդը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին  Հռչակագրով Հայ Ժողովուրդը   իր հազարամյա պատմության ընթացքում եվս մեկ անգամ հռչակեց իր անկոտրում կամքը՝

- կառուցել  ժամանակի պահանջներին համահունչ ժողովրդավարական  պետություն եւ զարգացնել Սփյուռքի կառույցների հետ արդյունավետ համագործակցություն,

- իրականացնել յուրաքանչյուր անհատի՝ սեփական հողի վրա անվտանգ, արժանապատիվ, հոգեւոր եւ նյութական բարգավաճման կայուն երաշխիքներով արարելու` դարերի խորքից եկող մեր նախնիների երազանքը,

- դառնալ համաշխարհային հանրութան լիիրավ անդամ եւ շարունակել համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու` դարերի խորքից եկող մեր նախնիների առաքելությունը:

Այդ նպատակներին հասնելու անշրջելի  երաշխիքներից էր 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժումը, որը վերածվեց համաժողովրդական եւ համազգային զարթոնքի, հանգեցրեց Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում մեր ժողովրդի բոլոր հատվածների, ազգային կառուցների եւ անթիվ նվիրյալ անհատների համազգային նպատակների շուրջ աննախադեպ համախմբմանը:

Անցած տարիները մի կողմից երկու հայկական պետությունների կայացման եւ մեր հավաքական անվտանգությունը վտանգող տարաբնույթ սպառնալիքներին, այդ թվում Արցախի դեմ Ադրբեջանի՝ 1992-1994 եւ 2016 թվականների ռազմական ագրեսիաներին դիմակայելու տարիներ էին, մյուս կողմից՝  պետության հիմնադիր փաստաթղթերով սահմանված նպատակների ոչ  արդյունավետ իրականացման կամ անտեսման, հասարակական կյանքում  հանրության  արդարացի դժգոհությունը հարուցող,  անընդունելի երեւույթների արմատավորման  եւ բաց թողնված հնարավորութունների տարիներ:

Սակայն 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղակիորեն հակադրվում է  Արցախի անվտանգությունն  ապահովելու, Ադրբեջանից անկախ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչմանը հասնելու, Հայաստանի ինքնիշխանությունն  է՛լ ավելի  ամրապնդելու եւ սահմանների անվտանգությունը  երաշխավորելու  մասին  այդ նույն իշխանությունների  նախընտրական խոստումներին,  որեւէ կերպ չի կարող արդարացվել նախկինում թույլ տրված սխալներով: Ավելին, նման փորձերը  բարոյական չեն  եւ պատասախանատվությունից խուսափելու  անհաջող փորձեր  են:

Ներկայումս Հայաստանի եւ Արցախի պետական կառույցների գործողություններն ու անգործությունը միտված են՝

 - Արցախը Ադրբեջանին  փոխանցելուն,

 - Հայաստանի ռազմավարական նշնակության տարածքները եւ կապուղիները Ադրբեջանին հանձնելուն,

-  «խաղաղության» քարոզչության  քողի տակ, կազմալուծվող պաշտպանական համակարգի  եւ պառակտված հասարակության  պայմաններում,  հակառակորդի կողմից նոր պատերազմ հրահրելուն՝  հերթական  ծրագրավորված պարտությամբ:

Այդ ամենին զուգահեռ  ի հայտ են գալիս նոր  ավերածություններ եւ մահեր՝ բացահայտելով օրվա իշխանավորների հանցավոր անպատասխանատվությունը, անկարողությունը, հանրային ցավի հանդեպ անտարբերությունը:

Առավել քան ակնհայտ է, որ  հայկական երկու պետությունների  իշխաննությունների գործունեությունը  ոչ միայն չի բխում  Հայաստանի Անկախության Հռչակագրի սկզբունքներից, այլեւ ուղղակիորեն հակասում է պատմական եւ իրավաքաղաքական բացառիկ կարեւորության  այդ փաստաթղթի  տառին եւ ոգուն:

Արդյունքում  ոչ միայն արցախահայությունն է հայտնվել ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստի  իրական սպառնալիքի առջեւ, այլեւ վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:  

Մենք՝ ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներս, տագնապներով լի եւ բախտորոշ այս օրերին՝

 - վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության Հռչակագրին,

 - ընդունելով սեփական պատաասխանատվության մեր  բաժինն  անցած տասնամյակների ընթացքում Անկախության Հռչակագրի սկզբունքների իրականացման խնդրում սկզբունքային եւ հետեւողական չլինելու համար,

 - գիտակցելով  մեր պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ,

 - վառ պահելով ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անմեղ զոհերի եւ ռազմական ագրեսիաները հետ մղելու ճակատամարտերում  հերոսացած նահատակների հիշատակը՝

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր հատվածներին՝ թոթափել հուսահատ դատապարտվածության եւ կուրացնող ատելության զգացումները,   Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առկա վիճակը չհանդուրժող բոլոր ուժերին՝  անտեսել անցյալում  եւ ներկայումս գոյություն ունեցող տարաձայնությունները, համախմբվել եւ միասնական ջանքերով կասեցնել գնալով նոր թափ առնող ազգակործան գործընթացը:

Խորհրդանշական նիստի մասնակից պատգամավորների անունից՝

նիստը նախագահող

Խոսրով Հարությունյան

Կիմ Բալայան

Ք.Երեւան  23 օգոստոսի 2022թ.»։

  • Կիսվել: