Գիտեի՞ք, որ հունիսի 2-ի արձանագրությունը ստորագրվել է՝ Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալու մասին. Բագրատյան
Դուք գիտեի՞ք, որ հունիսի 2-ի արձանագրությունը ստորագրվել է՝ Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալու մասին: Այս մասին այսօր «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ճանապարհ, ոչ թե միջանցք, բարեբախտաբար: Չգիտեիք, Զախարովայից իմացաք: Դուք կարդացե՞լ եք 2021 թվականի հունվարի 11-ի արձանագրությունը: Դուք տեղյա՞կ եք 2020-ի դեկտեմբերի 19-ի արձանագրությունից: Պատահաբար ռուս սպայի ձեռքից խլեցինք, հրապարակեցինք: Ասում են՝ 7 հատ տենց թուղթ է ստորագրել: Գժի նման գնում է, ով ինչ դեմ է տալիս՝ ստորագրում է»:
Ըստ Բագրատյանի՝ Ադրբեջանն իր ուժերով այսօր միջանցքը չի բացում, որովհետեւ խորը հակասություններ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ:
«Ալիևը չի համաձայնում Էրդողանի լիդերության հարցին եւ դրա հետ էր կապված Պուտինի այցը Բաքու: Պուտինը դա նկատել էր եւ փորձեց Ադրբեջանին իր կողմը քաշել: Սա քաղաքականություն է»,-նշեց նախկին վարչապետը: