երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ղարաբաղի ժողովրդին օգտագործում եք՝ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Ղարաբաղի ժողովրդին օգտագործում եք՝ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ցանկանում է խոսել քաղաքական իրավիճակից և ընդդիմադիրների քաղաքական գործունեությունից, հարց ուղղեց՝ ինչով է զբաղվում այսօրվա Դաշնակցությունը:

Նրա խոսքով՝ ըստ էության այսօր չկա Դաշնակցություն, այլ կա ռոբասերժական խմբակի մաս կազմող քաղաքական թիմ, որի անվանումն այս պահին Դաշնակցություն է, բայց այն որևէ կապ չունի գաղափարական որևէ ուղղության հետ:

«Ո՞ւր էիք երեկ: Հիմա գալիս եք, բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս այս ամբիոնից: Ուր էիք Կառավարության հետ հարցուպատասխանին: Վարչապետը ձեզ էր փնտրում ճիշտն ասած, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ, ձեզ տար պատերով: Դրա՞ համար էիք փախել Ազգային ժողովից»,- հարց հնչեցրեց պատգամավորը:

Նա հիշեցրեց՝ նախորդ անգամ 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո ընդդիմադիր գործընկերներն այլևս չէին վերադարձել նիստերի դահլիճ:

«Սա ձեզ համար հո պարտիզանական կռիվները չե՞ն: Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, քաղաքական գործունեությամբ զբաղվեք: Դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք, հարգելի գործընկերներ, այլևս ասելիք և անելիք չունեք»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ Դաշնակցությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ մշտապես մաս է կազմել ռոբասերժական իշխանությունների կառավարմանը: 

«Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում դուք պարազիտացել եք ռոբասերժական իշխանության վրա, հիմա էլ եկել եք Ռոբերտ Քոչարյանին ձեր հավատարմությունն եք հայտնում»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով՝ ժողովուրդը լավ տեսնում է, թե ինչ են բերել երկրի գլխին իրենց կառավարման տարիներին:

Պատասխանելով ընդդիմադիրների մեղադրանքներին՝ նշեց՝ հենց նրանք են Ղարաբաղը թոկ սարքել Հայաստանի Հանրապետության համար: 

«Որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք ՀՀ իշխանությունը զավթելու համար և հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղի ժողովրդին օգտագործում՝ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով և կեղծիքներով»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: