երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գերիների, պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը միշտ կա. Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Գաֆարովայի հետ հանդիպումից

Գերիների, պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը միշտ կա. Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Գաֆարովայի հետ հանդիպումից

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու: 

Նրա խոսքով՝ շատ կարևոր հարցեր կան, որոնց հետ կապված հայկական կողմը սպասում է դրանց շուտափույթ լուծմանը:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Ժնևում անցկացված Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպման ընթացքում անդրադա՞րձ է կատարվել գերիների հարցին:

«Գերիների, պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ: Այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է»,- ասաց Սիմոնյանը՝ Գաֆարովայի հետ հանդիպումը գնահատելով որպես «շատ դրական»:

Հանդիպման համար նա շնորհակալություն հայտնեց կազմակերպչին, ընդգծեց՝ երկուստեք կա ընկալումը, որ պետք է երկու երկրների խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու, խաղաղության իրականության մեջ ապրելու տրամաբանությունը:

«Իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար: Շատ դրական, ջերմ հանդիպում է տեղի ունեցել: Պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել և առաջարկել»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը՝ փակագծեր չբացելով, միայն հայտնեց՝ խոսքը հեռավոր ապագայի մասին չէ:

«Երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամենը արվի և հնարավորինս մեծ ծավալով: Այդ ամբողջ հանդիպման կարևոր կողմերից մեկն այն էր, որ ես տեսա՝ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է ու մեր ընկալման մեջ, այլև ադրբեջանական կողմի մեջ»,- ասաց ԱԺ նախագահը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու է Ալիևը օգտագործում «միջանցք» բառը, Սիմոնյանը պատասխանեց՝ դրա մասին հարցրել է, ինչին ի պատասխան հնչել է՝ «միջանցք» բառի մեջ վատ բան չկա, ուզում են, որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասել են՝ տարածքն է այդպես կոչվել, դրա համար են այդպես կոչում:

«Կարծում եմ՝ դա խոսույթի տարբերության խնդիր է»,- ավելացրեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը այցելի Երևան, նկատեց՝ չի բացառում, որ ինչ-որ միջազգային ձևաչափերի շրջանակում կարող է այցելել, ինքն էլ կարող է գնալ:

Նրա խոսքով՝ հայկական կողմի համար դժվար է Ադրբեջան գնալը այն պարագայում, երբ այնտեղ ունենք պահվող անձինք: 

Ինչ վերաբերում է նրան, արդյոք հնարավո՞ր է մինչ խորհրդարանական ընտրությունները մեր գերիները  վերադառնան, Սիմոնյանը պատասխանեց՝ դրա մասին չեն խոսում, մինչև դա տեղի չունենա:

  • Կիսվել: