երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գալյանը հերքում է՝ Սահմանադրության փոփոխությամբ իրենք որևէ երկրի պահանջ չեն կատարում 

Գալյանը հերքում է՝ Սահմանադրության փոփոխությամբ իրենք որևէ երկրի պահանջ չեն կատարում 

Նոր Սահմանադրություն կամ փոփոխված Սահմանադրություն ունենալու պահանջը ձևավորվել է հեղափոխությունից անմիջապես հետո։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա, մասնավորապես, ասել է. «Սա մի փաստարկ է, որն ի չիք է դարձնում այն նկատառումները, որ մենք ցանկանում ենք կատարալ ինչ-որ երրորդ երկրի պահանջ։ Շատ շուտով մենք պետք է սկսենք հանրային իրազեկման արշավները, կներկայացնենք բոլոր կարգավորումները, որ պետք է լինի նոր Սահմանադրության մեջ, որից հետո ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը՝ ունենա՞լ նոր Սահմանադրություն, թե չունենալ»:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, որ Ալիևը ասում է, թե Սահմանադրության մեջ դրույթներ կան, որոնք պարունակում են Ադրբեջանից տարածքային պահանջներ, այդ դրույթները ներառվելո՞ւ են նոր Սահմանադրության մեջ, թե ոչ՝ Գալյանը պատասխանեց․ «Ներածության մասով դեռ որոշում չունենք, հարցը խորհրդի կողմից չի քննարկվել, բայց ցանկացած փոփոխություն, որը կլինի, պետք չէ կապել որևէ պահանջի հետ։ Մյուս կողմը մեր նախաբանում եղած հասկացությունները դիտարկում է միջազգային խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր խոչընդոտների համատեքստում, իսկ մենք այդ մասով ասել ենք, որ որևէ խոչընդոտ չկա, խաղաղությանը միտված մենք արել ենք ամեն ինչ և անում ենք ամեն ինչ»։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին՝ Գալյանը նշեց, որ այժմ նոր տեքստի մշակման փուլում են:

«Նախ մենք խնդիր ունենք ԱԺ–ի ուժեղացման, որոշում ունենք նաեւ փոխելու ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվելու կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձեւավորելու սկզբունքից եւ դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջինով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձեւավորել խորհրդարան։ Այսինքն երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ ընտրություն է լինելու»,-նշեց նա։

Գալյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ–ին ավելի լայն հնարավորություններ են տրվելու Կառավարության ձեւավորման հետ կապված: «Այս պահին արդեն կա որոշում ԱԺ մշտական հանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ նախարարի թեկնածուին կարող է հանձնաժողովը բաց նիստում տալ հարցադրումներ»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: