չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Փարիզ-Սակլե համալսարանի (Université Paris-Saclay) մի խումբ ուսանողների, այս մասին ասված է Ֆրանսիայի ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը,  երկրի դերը միջազգային հարաբերություններում և հարևան երկրների հետ հարաբերությունները։

«Անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին և դրա կարևորությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպան Խաչատրյանը խոսել է նաև հայ-ֆրանսիական պատմական հարաբերություններից և ռազմավարական նշանակություն ունեցող  ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունից:

Դեսպանության փոխանցմամբ՝ բանախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության հետ, առաջիկայում Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP17) և Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ հարցերի։

  • Կիսվել: