Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն երկօրյա այցով հինգշաբթի կայցելի Հայաստան, տեղեկացրել է Le Figaro-ն։
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն հինգշաբթի եւ ուրբաթ, Փարիզում Միսաք Մանուշյանի՝ դիմադրության շարժման հայկական ծագում ունեցող մարտիկի պանթեոնացման հաջորդ օրը, կլինի Հայաստանում՝ ամրապնդելու համար պաշտպանական ոլորտի հարաբերությունները»,- գրել է պարբերականը։
«Ֆրանսիան եւ Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, բայց պաշտպանության ոլորտում հարաբերությունները երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չեն եղել»,- նշել են Ֆրանսիայի ՊՆ-ում՝ ընդգծելով, որ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցելությունն է Հայաստան։
Պարբերականը հիշեցրել է, որ 2023թ. հոկտեմբերին Ֆրանսիան եւ Հայաստանը ստորագրել են արձանագրություն հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադարների ձեռքբերման պայմանագիր, որոնք թույլ կտան հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռը 250 կիլոմետր հեռվից, ինչպես նաեւ գիշերային տեսանելիության համակարգերի պայմանագիր՝ Safran-ի արտադրության հեռադիտակներ, որոնք տեղ կհասցվեն հինգշաբթի։