շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2020
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Եվրոպայի Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական գործողությունները:

«Լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրություններով։ Ես կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ցուցաբերել պատասխանատվություն և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանվի»,- նշել է Փեյչինովիչ-Բուրիչը:

Նա նշել է, որ այս դժվարին ժամանակներում իր մտքերն ուղղված են քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ երեխաներին, կանանց և տարեց մարդկանց:

«Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքեր պաշտպանելու և ռազմական հակամարտության մեջ չներքաշվելու համար։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը հակամարտության էսկալացիան դադարեցնելու համար»,- ասել է նա:

Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը ԵԽ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու գործում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: