Եթե Վարդան Ղուկասյանի մասով իշխանության հետ պայմանավորվածություն ունենայինք, 9 ամիս առաջ կանեինք. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար
Եթե Վարդան Ղուկասյանի մասով իշխանության հետ պայմանավորվածություն ունենայինք, 9 ամիս առաջ կանեինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ավագանու արտահերթ նիստից անմիջպես հետո ասել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը:
«Գյումրու քաղաքապետին դուք հաստատ ավելի լավ կճանաչեք, գիտեք, թե ինչ բնավորության տեր մարդ է, ինչպիսի տեսակետներ ունի, ինչպիսի դիրքորոշումներ»,- նշել է Առաքելյանը:
Հարցին, թե արդյո՞ք որպես Գյումրու քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում իշխանությունների հետ ունեցած հակասությունների ֆոնին եղել են բյուջեի կամ պետբյուջեից ստացվող գումարների հետ կապված խնդիրներ, կամ որևէ ծրագրի հետաձգում, Առաքելյանը պատասխանեց, որ խնդիրներ չեն ունեցել, խնդիրները կապված են եղել միայն որոշումների հետ:
«Ես որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ, իմ վերլուծություններով և դատական պրոցեսներին մասնակից լինելով հանդերձ, գտնում եմ, որ դատարանը այլևս էլ հիմքեր չունի Վարդան Ղուկասյանի մասով։ Մինչև այդ էլ չուներ հիմքեր, հիմա առավել ևս չունի, սպառվել է այն ամենը, ինչ մեկնաբանել են: Իմ վերլուծությունների հիմման վրա են արածս հայտարարությունները, դրա տակ ուրիշ բան միանշանակ չի կարող լինել»,- ասել է նա:
Առաքելյանն ընդգծեց՝ 2025 թվականից սկսած օգտվել են սուբվենցիոն ծրագրերից և շարունակում են օգտվել. «Այսօրվա ավագանու որոշումն էլ հաստատում է այն, որ մենք ընդհակառակը՝ ծավալներն էլ ենք մեծացնում և պատրաստ ենք համագործակցել ու աշխատել, ոչ մի խնդիր չունենք սուբվենցիոն ծրագրերից չօգտվելու համար»:



