չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ–ի թեկնածուն. Մեխակյան

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ–ի թեկնածուն. Մեխակյան

Արագած գյուղում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։

«Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ Վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Այդ մտքով ես այսօր այստեղ եմ»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մեխակյանը հավելեց, որ այս պահին չգիտեն՝ քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն ավագանի, հետեւաբար, այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, որը հենվելու է ենթադրությունների վրա։

Խոսելով հնարավոր խախտումների մասին՝ նա ասաց. «Ովքեր ահազանգեր ունեն, ես առաջարկում եմ թող մոտենան ոստիկանություն, որովհետեւ դրա պատասխանատուն ոստիկանությունն է»։

Համայնքապետի թեկնածուն ընդգծեց, որ, բնականաբար, ունի վարչապետի աջակցությունը, այլապես չէր կարող առաջադրվել ՔՊ–ի թեկնածու:

«Մենք նման օրակարգ չենք ունեցել, որ վարչապետը պետք է գար քարոզարշավի Վաղարշապատ։ Մենք նույնիսկ հանրահավաք չէինք էլ պլնավորել։ Ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլեր իրականացնել։

Մենք ունենք ակտիվ կուսակցականներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են։ Ես առաջարկում եմ՝ դեմքերով իդենտիֆիկացնել, թե մեր հանրահավաքին քանիսն են Վաղարշապատից, քանիսն են այլ տեղերից»,–ասաց նա։

Հարցին՝ եթե չհաղթի, ի՞նչ պատասխան է տալու Նիկոլ Փաշինյանին, Մեխակյանն ասաց. «Մենք կայացած քաղաքական ուժ ենք, մեր անելիքներն ընտրությունում հաղթելու, պարտվելու հետ կապված տեսել եք»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

  • Կիսվել: