Եթե ՔՊ-ում հարցեր ունենում եմ, դրանք հնչեցնում եմ, դրա համար երբևէ չեմ հետապնդվել. Հակոբ Արշակյան
Երկրներ կան, որոնց նախագահներն են գործարարներ եղել, բայց խնդիրը չի վերաբերվում նրան, որ մարդը կապիտալ ունի, թե չունի, կամ բիզնես ունի, թե չունի. խնդիրը վերաբերում է նրան, որ ԱԺ պատգամավորը չզբաղվի այլ աշխատանքով, քան պատգամավորությունն է, բացառությամբ արվեստի, ստեղծագործ աշխատանքի, կամ կրթության։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ–ն որոշում ունի, որ ԱԺ–ում 2026–ին չլինեն գործարար պատգամավորներ։
«Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի բիզնես ունի, որ տվել է կառավարման, մեր օրենքը դա չի արգելում։ Իսկ եթե սկզբունքային տեսանկյունից ի նկատի ունեք, արդյոք դա ընդունելի է, թե չէ, որ պատգամավորը զուգահեռաբար զբաղվի գործարարությամբ, իմ կարծիքով դա ընդունելի չէ։ Բայց ես չեմ տեսել նման բան, այսինքն մարդիկ իրենց բիզնեսները տալիս են կառավարման, գնում են զբաղվում են քաղաքականությամբ»,–ասաց նա։
Հարցին՝ դուք ձեր սեփական բիզնե՞սն եք հիմնելու, թե ուղղակի մասնավոր ոլորտում աշխատանքի եք անցնելու, Արշակյանը չցանկացավ հստակ պատասխան տալ. «Այդ տեխնիկական մանրամասներին կարծում եմ այս պահին չանդրադառնանք, կտեսնենք։ Որովհետև այս պահին ես պատգամավոր եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով, ես հիմա չեմ զբաղվում իմ բիզնեսի պլանավորմամբ։ Կարող է՝ ինչ-որ իդեաներ ունեմ, բայց իմ հիմնական աշխատանքի հիմա ուղղված է քաղաքական աշխատանքին, որով ես զբաղվում եմ մինչև մեր Ազգային ժողովի լուծարումը»։
Նա հավաստիացրեց, որ ՔՊ–ում ինքը որեւէ սկզբունքային հակասություն չունի, բոլորն էլ իր ընկերներն են. «Եթե ինչ-որ հարցեր էլ ունենում եմ, որոնք պետք է հնչեցվեն, մշտապես հնչեցնում եմ, դրա համար երբևէ չեմ հետապնդվել»։


