հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ոմանք հույս ունեն, որ վերադառնալու են ընտրական 90-ականներ, 2000-ականներ կամ 2010-ականներ, չարաչար սխալվում են. Պապոյան

Եթե ոմանք հույս ունեն, որ վերադառնալու են ընտրական 90-ականներ, 2000-ականներ կամ 2010-ականներ, չարաչար սխալվում են. Պապոյան

Մենք ոչ մեկին թույլ չենք տալու, որ ձեր փոխարեն որոշում կայացնեն: Եթե ոմանք հույս ունեն, որ վերադառնալու են ընտրական 90-ականները, 2000-ականները կամ 2010-ականները, ապա այդ մարդիկ չարաչար սխալվում են: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Ասաց՝ նոր Հայաստանում որոշում կայացնողը միայն և միայն ժողովուրդն է իր հավաքական կամքով:

Պատգամավորն անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին: 

«Եթե պետական պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ին 58.9 տոկոս էր, ապա 2019-ի արդյունքներով այն իջեցվել է 53.5 տոկոսի: Կառավարության պարտքը 53.7 տոկոսից իջեցրել էինք 49.8 տոկոսի, իսկ արտաքին պետական պարտքը 47.8 տոկոսից՝ 42.6 տոկոսի: Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա ինչպես վարչապետը նշեց՝ աշխարհում ընդամենը մի քանի երկրներ կան, որոնք պարտք չեն ավելացրել: Կառավարման ոլորտում ձախողվելու մեջ մեզ մեղադրում են մարդիկ, որոնց կառավարման ժամանակ Հայաստանից մարդիկ փախել են հարյուր հազարներով: 1992-97 թվականներին Հայաստանից արտագաղթել է 565200 մարդ, 1998-2008 թվականներից Հայաստանից արտագաղթել է 285300 մարդ, իսկ 2009-2018 թվականներին՝ 253100 մարդ: 1991-2020 թվականների ընթացքում Հայաստանում դրական միգրացիա եղել է երկու անգամ՝ հեռավոր 1991-ին՝ 4400 մարդ և այդքան էլ 2020 թվականին»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կառավարման ոլորտում իրենց ձախողման մեջ մեղադրում են մարդիկ, որոնք իրենք են ձախողել տնտեսության կառավարումը: 

«Չէի անդրադառնա 2000-ականների «տնտեսական աճ» կոչվածին, որի նկատմամբ լավագույն գնահատականներից մեկը տվել է այդ ժամանակ ԿԲ նախագահ աշխատած Տիգրան Սարգսյանը, որն այդ տարիների տնտեսական աճ կոչվածը բնութագրել էր որպես «շինարարական փուչիկ, որը պայթեց 2009-ի առաջին իսկ տնտեսական ցնցման ժամանակ, և Հայաստանն այդ ժամանակ արձանագրեց աշխարհում երկրորդ ամենավատ արդյունքը՝ գրեթե -15 տոկոս անկում»,- հիշեցրեց պատգամավորը:

  • Կիսվել: