ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղության պայմանագիրը կնշանակի Արցախի հարցի վերջնական կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի. Թևանյան

Խաղաղության պայմանագիրը կնշանակի Արցախի հարցի վերջնական կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի. Թևանյան

Խաղաղության պայմանագիրը կնշանակի Արցախի հարցի վերջնական կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Ըստ նրա՝ Երեւանը կգնա նոր զիջումների։ ՛՛Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն գնով խաղաղության քաղաքականություն, որն ի վերջո կարող է արժենալ պետականություն, եւ այս պայմաններում ամեն ինչ սպասելի է՛՛,-ասաց Թեւանյանը՝ հավելելով, որ Բրյուսելում վերջին հանդիպումը կայացել է ըստ ադրբեջանական օրակարգի։

Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանի հինգ սկզբունքները չէին ենթադրում Արցախի որեւէ կարգավիճակ, չէին ենթադրում բուն հակամարտության առկայություն, իսկ Ալիեւը հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, եւ հայերը պետք է հաշտվեն Ղարաբաղի ամբողջական կորստի հետ. ՛՛Եթե համեմատենք ադրբեջանական 5 սկզբունքները եւ Բաքվի պաշտոնական հայտարարությունները, ապա պարզ կդառնա, որ խաղաղության պայմանագիրը Բաքվի օրակարգով կլինի՛՛։

Նա ընդգծեց, որ, բացի այդ, Շառլ Միշելի հայտարարության մեջ խոսք չկա Ղարաբաղի մասին, ուստի, ըստ պատգամավորի, պաշտոնական Երեւանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցում.

՛՛Հայաստանի իշխանությունները զբաղված են բացառապես իրենց աթոռների պաշտպանությամբ։ Եթե նրանք այդ պաշտպանությունը Թուրքիայում գտնեն, ապա Թուրքիայի շահերը կսպասարկեն։ Նույնը կլինի Բրյուսելի ու Մոսկվայի դեպքում՛՛,-ասաց Թեւանյանը:

  • Կիսվել: