կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Եթե հարյուրավոր միլիոններ եք վերցնում այն պայմանով, որ պետք է հեղափոխություն անեք, ուրեմն՝ այդ հեղափոխությունն արեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Եթե հարյուրավոր միլիոններ եք վերցնում այն պայմանով, որ պետք է հեղափոխություն անեք, ուրեմն՝ այդ հեղափոխությունն արեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսօր մի վերջնաժամկետ էի տվել ընդդիմությանը՝ մինչև 16։00-ն հրապարակել բոլոր ֆինանսական հոսքերը, որոնք ունի ընդդիմադիր քաղաքական շարժումը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ասի, թե որտեղից է ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման բեմի գումարը, որը, նրա խոսքով, օրական արժե 20 հազար դոլար, հինգ բրինձների գումարը, որ տալիս են ցուցարարներին աջուձախ, խորովածի գումարը, մանղալում վառվող փայտի գումարը և այլն:

՛՛Իսկ ցուցարարների տված գումարների մասին՝ էն 3000-ները, որ բաժանել եք, հետո կխոսենք՛՛,-նշեց Ալեքսանյանը:

Նա նաև հավելեց. ՛՛Մի խամաճիկ ունեք էնտեղ շրջազգեստով, վիրավորական արտահայտություններ է արել, չեմ արձագանքի։ Շարժում ես սկել ու առավոտից իրիկուն հերքում ես, որ այդ ամեն ինչը ֆինանսավորվում է դրսից։ Դրսից ասում են, ա՛յ ծաղրածուներ, ձեզ հարյուրավոր միլիոներ ենք ուղարկել, ինչի՞ եք լափել այդ փողերը։ Ասում եք՝ սուտ է, ասում ենք՝ շատ լավ, ժողովուրդ ջան, դուք մեր հայրենակիցն եք, եկեք ձեզ հավատանք, ոչ թե Ռուսաստանի պրոպագանդիստներին, բայց հրապարակեք ձեր ֆինանսական հոսքերը. չէ, չեք հրապարակում՛՛:

Ապա նա նշեց, որ լրագրողն ասել է մեկնաբանեք, պատասխանել է՝ չեմ մեկնաբանում ու վիրավորել է։

՛՛Չեմ ուզում մտնել էդ ողորմելի տիրույթ, որում գոյատևում են տարատեսակ կերպարներ, քանի որ այդ վերջնաժամկետն անցած է, հրապարակված չեն, ուրեմն՝ պարոնայք ընդդիմադիր պատգամավորներ, ինչո՞ւ եք կերել Իգոր Կորոտչենկոյի կողմից նշված հարյուրավոր միլիոնները, մարդիկ փող են ուղարկել, որ դուք ստեղ հեղափոխություն անեք, հո դուք անկու՞շտ չեք՛՛,-հավելեց պատգամավորը:

՛՛Հիմա հարց եմ տալիս՝ խի՞ եք մեր երկիրը ծաղրի առարկա դարձնում, եթե հարյուրավոր միլիոններ եք վերցնում այն պայմանով, որ պետք է հեղափոխություն անեք, ուրեմն՝ այդ հեղափոխությունն արեք։ Պետք չէ, որ աշխարհում իմանան, որ Հայաստանում կան ՛՛քցողներ՛՛, ու կարող է փողը տաս գործի համար, բայց գործը չանես՛՛,-իր խոսքը եզրափակեց Ալեքսանյանը։

 

  • Կիսվել: