Եթե համաճարակային իրավիճակը սրվի, բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք. Նախարարը՝ կորոնավիրուսյին իրավիճակի մասին
Վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք մեր ծավալման պլանը հստակ ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է», - ասաց նախարարը:
Նա ասաց, թե ճամփորդությունների սահմանափակումների հարց այս պահին չկա:
«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե համաճարակային իրավիճակը սրվի, իհարկե, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ», - հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: