շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմ չէր սկսվի. ՀՀ երկրորդ նախագահ

Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմ չէր սկսվի. ՀՀ երկրորդ նախագահ

Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի: Այս մասին այսօր 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով պատերազմի, դրա պատճառների, պարտության մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իհարկե՝ չէր սկսի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար:

Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմը կազամկերպելու առումով, իրականում այդպես էլ եղավ հետագայում: Հիմա չէր լինի այդ պատերազմը։ Իսկ, այնուամենայնիվ, եթե լիներ, վստահաբար ասում եմ՝ չէինք պարտվի, որովհետև չէինք ունենա այն կոպիտ սխալները, որոնք ուղղակի կանխորոշեցին այդ պատերազմի ելքը: 

Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին, թե՝ լավ չեք արել, էս չեք արել, էն չեք արել: Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փոխնողներին, ո՞ւմ են պատժել:

Մովսես Հակոբյանը պատմում էր նաև որոշ դրվագներ, որ մարդկանց հավաքում, հետները բացատրական աշխատանք էին տանում: Մարդիկ դիրքերը թողնում էին ձեր ստերի պատճառով, ձեր վատ կազմակերպելու պատճառով, ամեն ինչ՝ և՛ սնունդ, և՛ այլն, և այլն: Եվ այս ամենը փոխել և ջարդել բանակի գլխին կամ ժողովրդի վախկոտությամբ բացատրել․․․ այդ նույն ժողովուրդը չէ՞, որ փառավոր հաղթանակ արեց՛՛:

  • Կիսվել: