Եթե երկու կողմերում լինի կամք, կարող է լինել խաղաղ ապագա. Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար
Երբ մենք եկանք, երեք առաջադրանք ունեինք՝ մեր ներկայությամբ հանդարտեցնել իրավիճակը, մարդկանց մոտ առաջացնել անվտանգության զգացողություն և աջակցել վստահության բարձրացմանը։ Այս մասին այսօր «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ասաց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի հետ աշխատանքը այնքան էլ հաջող չի գնացել։ Մենք աշխատում ենք սահմանամերձ հայկական բնակչության ուղղությամբ։ Մենք փորձում ենք 170 ՀԿ–ների հետ աշխատել, կանոնավոր կապեր ունենք նրանցից մի քանիսի հետ։ Մենք անցյալ տարեվերջից սկսել ենք այցելել սահմանամերձ դպրոցներ՝ եվրոպական գաղափարախոսությունը ներկայացնելու։
Շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ԵՄ–ն, իսկ եթե ունեն էլ, դա ռուսական հեռուստատեսության հեռարձակումների վրա է ձեւավորվել։ Մենք փորձել ենք դա մի քիչ իրականությանը մոտեցնել։ Տեսնում ենք, որ հատկապես երիտասարդները հետաքրքրվում են, թե ԵՄ–ն ինչու է ստեղծվել։
ԵՄ անդամ լինել կամ այդ գաղափարի օրինակով գնալ՝ չի նշանակում հրաժարվել ձեր երկրի ազգային ինքնությունից, ձեր մշակույթից։
Մենք փորձում ենք սահմանամերձ գյուղերի երիտասարդներին ասել, որ եթե երկու կողմերում լինի կամք, կարող է լինել խաղաղ ապագա, սահմաններ, որոնք ոչ թե կբաժանեն, կառանձնացնեն, այլ որոնք կկապակցեն, որից կշահեն երկու կողմերն էլ»:


