չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե Էդմոնն էդքան տղա ա, թող մանդատը վայր դնի, ես էլ եմ դնում. Սասուն Միքայելյան

Եթե Էդմոնն էդքան տղա ա, թող մանդատը վայր դնի, ես էլ եմ դնում. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովում այսօր ելույթ ունեցավ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա նախ նշեց, որ իր ելույթը կապ չունի օրեր առաջ ԱԺ-ու տեղի ունեցած միջադեպի հետ։

Այնուհետև պատգամավորը խոսեց իր մանկությունից, անցած ճանապարհից։

«Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են: Ես 15 տարեկանից հորից զրկվել եմ: Հերս ու հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհետ կորել է, հերս վիրավոր եկել: Այս ժամանակահատվածում ինձ մայրս միշտ օրորոցային երգ է երգել, որը եղել է Եղեռնի ժամանակում կատարվածի մասին: Երևի նրան էլ իր ծնողներն են պատմել այդ մասին: Այս տարիների ընթացքում հենց մորս խոսքերով եմ հասկացել, թե ինչ է Եղեռնը, թուրք ազգը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, Սասուն Միքայելյանը նշեց, որ ինքը թշնամու հետ թշնամաբար է վերաբերվել, դաժան է եղել. «Մենք մտել ենք գիշերը: Լույսը բացվել է և 78 հոգու գերի ենք վերցրել, որոնց մեջ եղել են մայրեր, տարեց կանայք, երիտասարդ աղջիկներ, երեխեք, տարեց տղամարդիկ: Ասել եմ՝ մատով ոչ մեկին չեք կպնելու: Ես մորս պատմածով հասկացել եմ, թե ինչ են արել թուրքերը: Մեր կռիվն իրանց հետ չէր: Մեր ջոկատի Արշավիրին ասացի, որ հեծի ձին, գոմ ունեինք, ժողովրդին տանի այնտեղ, ու ասացի, որ մատով ոչ մեկը չկպնի: Հեծել է ձին, տարել: Հետո գեներալ Գուրգեն Դալիբալթյանն եկավ ու գերիներին տարան: Նրանց տարել են Ստեփանակերտ»:

Նա նորից խոսեց մորից։

«Մի դրվագ էլ մորիցս պատմեմ: Երբ ես Ղարաբաղում եմ եղել, նստած ինձանից խոսելիս են եղել, մերս ասել է՝ «Աստված չանի Սասունը պլեն ընկնի, ճիշտ կլինի զոհվի»: Սա ասել է իմ մայրը: Էսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ բոլորիդ մայրերը: Բայց Էդմոնի եղբայրն իմ մասին գրել է այն, ինչ Էդմոնն ասաց Ալենին այս ամբիոնից առանց ամաչելու: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ քո մայրն ինձ համար սուրբ է, սակայն եթե դու ներողություն չխնդրեցիր… դու իմ անցած ուղին գիտես, բոլորդ գիտեք, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս, աղերսաբար ներողություն խնդրի իմ ծնողից։ Որ ինքը կուսակցության ղեկավար է, այս ամբիոնից իրավունք ունի՞ Ալենին նման բան ասելու։ Ես չգիտեմ՝ մարդիկ կան քննադատում են, չգիտեմ ինչեր են անում, բայց իրեն ոչ ոք իրավունք չի տվել, որ էդպիսի ատելության մթնոլորտ տարածի։ Էդ տղեն հրապարակային իմ մոր մասին բան ա գրել, լավագույն տարբերակը կլինի, եթե ներողություն խնդրի: Ես մի կառույց եմ ղեկավարում, որի տղաները հազարավոր տղաների մայրեր ու քույրեր են փրկել Ղարաբաղում»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նա նա նաև կոչ արեց իր մարտական ընկերներին, իր որդիներին, որոնք զանգում են ու ասում՝ այս անեն, այն անեն, զերծ մնալ նման բաներից.

«Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարող եմ կանգնել: Նրանք ուզում են քաոս սարքել երկրում որոշ ուժերի դրդմամբ, կոչ եմ անում չգնալ դրան: Ես խնդրում եմ, որ Էդմոնի ընտանիքը հասկանա, թե մայրն ինչ սրբություն է: Ձեր մայրն ինձ համար սուրբ է: Բայց էդ երեխուն ասում եմ, որ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է»։

Պատգամավորը նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է, թե պետք է Սասուն Միքայելյանի կարողությունները վերանայվեն. «Ժողովուրդ ջան, ես էսօր սեփական մեքենա չունեմ, իմ ջոկատի Կարենի մեքենայով եմ գնում-գալիս։ Իմ կյանքն էլ դա ա: Ես սոված, անտեր մարդ եմ տեսել, իմ ընկերները գիտեն, թե ինչպես եմ ես օգնում ժողովրդին: Իրանք երկու եղբայրներով պետք է հասկանան ու ներողություն խնդրեն Ալենից ու ինձանից»,- ասաց նա:

Նա նաև չշրջանցեց ԱԺ-ում իր մասնակցությամբ ծեծկռտուքն՝ ասելով, որ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո առաջարկում է, որ ինքն ու Մարուքյանը մանդատները վայր դնեն։

«Ես գիտեմ Մարուքյանն ինչ շոումեն է, էգուց կասի՝ ինձ կերան, սպանին, մորթին։ Այն ինչ արվել է այս դահլիճում, իր մեղքով է կատարվել: Ես առաջարկում եմ՝ եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող մեր կուսակցությունները իրենց գործը շարունակեն: Եթե էդքան տղա ա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- եզրափակեց խոսքը Սասուն Միքայելյանը։

 

  • Կիսվել: