հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Եթե դուք ձեր թեզերով հանկարծ գաք իշխանության, խաղաղությունը 5 րոպե չի տևի. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Եթե դուք ձեր թեզերով հանկարծ գաք իշխանության, խաղաղությունը 5 րոպե չի տևի. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Պարոն Դանիելյան, Ոսկեպարի եկեղեցին Հայաստանում է, սահմանազատված, սահմանից էս կողմ՝ մեր կողմ: Մնացած ամեն ինչը լիրիկա է: Հիմա թե ոնց է եղել, ոնց չի եղել, դուք ինչ նկատի ունեիք, երբ ասում էիք՝ դրա ընթացքում ինչ է եղել, մենք ասել ենք՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է մեր կողմում, դուք ասում էիք՝ Ոսկեպարի եկեղեցին հանձնում ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին, ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ոսկեպարի եկեղեցին մնաց մեր կողմում, չհանձնվեց, ձեր ասածը դուրս եկավ սխալ, մեր ասածը՝ ճիշտ»:

ՔՊ խմբակցության պատգամավորի խոսքով՝ իրականությունն այն է, որ Ոսկեպարի եկեղեցին մնացել է Հայաստանի սահմանազատված սահմանից ներս, իսկ «Սրբազան շարժման» բոլոր թեզերը սուտ են դուրս եկել:

Ալեքսանյանը հիշեցրեց՝ բանակցային գործընթացի ողջ ընթացքում ընդդիմությունը խոսում էր միակողմանի զիջումների մասին. «Պայմանագիրը հրապարակվեց, մեջը միակողմանի տառ անգամ չկա, այս 30 օրը ընկել են, որ մի միակողմանի դրույթ գտնեն, մինչև հիմա չեն գտել»,- նշեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին՝ կապված 2018 թվականից հետո իշխանության քաղաքականության փոփոխության հետ, ընդգծեց՝ իրենք իրենց սխալները ամենաշատն են խոստովանել, դրանք հասկացել են ու բարձրաձայնել. «Մենք ինքներս ներողություն ենք խնդրել մեր հանրությունից: Մենք հո դուք չենք, մենք մարդ ենք, գիտենք, որ սխալական ենք, գիտենք, որ այդ սխալները կարող են հետևանքներ ունենալ ու ունեցել են, ցավոք»,- ասաց նա։

ՔՊ–ական պատգամավորի խոսքով՝ իրենք հասկացել են, որ իրենց ռազմատենչ հռետորաբանությունը այլևս ոչ ոքի պետք չէ. «Արտգործնախարարի մի թեկնածու ունեին՝ պրոֆեսոր Խաչիկյանը, հարցազրույց է տվել ադրբեջանական մամուլին, ասել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանրապես սահման պետք է չունենան: Իրենց դեմքն է, հասկանո՞ւմ եք: Կտրուկ, սուր ազգայնականությունից անցել են չգիտեմ ինչի: Պրոֆեսոր Խաչիկյանը դուք եք, հարգելի գործընկերներ: Դուք պրոֆեսոր Խաչիկյանն եք բոլորով, սիրելիներս»,- ասաց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է Դանիելյանի հայտարարությանը, թե չի կարող հայկական եկեղեցու կողքը լինել ադրբեջանական գյուղ, պատգամավորը նշեց՝ դա է ընդդիմադիր գործընկերների ուզած խաղաղությունը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները չեն գիտակցում, որ իրենց խոսքերը հետևանքներ ունեն Հայաստանի համար:

«Քանի րոպե կտևի էդ խաղաղությունը, որին մենք հասել ենք, եթե դուք հանկարծ գաք իշխանության, գաք այս ամբիոնի մոտ ու հայտարարեք՝ չի կարող հայկական եկեղեցու կողքը լինել ադրբեջանական գյուղ, որովհետև երբ այդ եկեղեցին սարքվում էր, Ադրբեջան չկար: Էս թեզով քանի րոպե կտևի մինչև իշխանական պատգամավորը գա էս ամբիոնի մոտ, էդ թեզը արտասանի ու վերջ: Ես ձեզ վստահեցնում եմ, հինգ րոպե չի տևի, մինչև Ադրբեջանը չհայտարարի առաջին կարգի պատրաստականություն: Դա է ձեր ասած խաղաղությունը»,-ասաց Ալեքսանյանը:

  • Կիսվել: