հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է. Բաբայանը՝ բանակի վերաբերյալ նոր նախագծի մասին (տեսանյութ)

Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է. Բաբայանը՝ բանակի վերաբերյալ նոր նախագծի մասին (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո՝ միջինը չորսուկես ամիս, 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, պետք է ծառայի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։ Այս մասին օգոստոսի 29-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՛՛Ազատական կուսակցության՛՛ նախագահ Սամվել Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե այս ամբողջ ընթացքը ստուգենք, կտեսնենք, որ անձինք զինկոմների, ծանոթների միջոցով գումար են տվել ու չեն ծառայել, հիմա պետությունն ասում է՝ վճարիր ու մի ծառայիր։ Չորսուկես ամիս պատրաստվիր, դրանից հետո հինգ տարի քեզ մոբռեսուրս չեն հրավիրելու, բայց դրանից հետո տարեկան մեկ շաբաթով գալու ես, պատերազմ սկսվի, գնալու ես առաջին գիծ. հիմա հարց է առաջանում՝ զինվորն ազատվի՞ բանակից, թե՞ ոչ։

Մենք անցնելո՞ւ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե փո՞ղ ենք աշխատում։ Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է, բայց եթե չենք գնում պրոֆեսիոնալ բանակի եւ փող ենք աշխատում, սա անընդունելի է՛՛։

Բաբայանը խոսեց նաեւ օգոստոսի 30-ից Արցախը Հայաստանին կապող երթուղու փոփոխության մասին: Այս առնչությամբ նա ասաց, որ 7-8 ամիս առաջ նամակով դիմել է Հայաստանի վարչապետին ու Արցախի նախագահին, որ նոր կառուցվող ճանապարհը կառուցվի երկրորդ կարգի, կարճ լինի։ ՛՛Հայաստանի տարածքից մինչեւ Արցախ 4-5-6 կմ է, որը կոչվում է միջանցք, մնացածը Արցախի տարածքն է, որտեղ Բերդաձորն է, այդտեղ չորս գյուղ պետք է կառուցեին եւ բարձր մակարդակով ապահովեին, որ բոլոր փախստականները վերադառնան այդտեղ ու ապրեն։ Ինչո՞ւ են Ստեփանակերտում շենքեր կառուցում, կամ էլ գյուղերում տներ սարքում, եթե կարելի էր այդտեղ տեղավորել բոլորին՛՛,-ասաց նա:

Բաբայանը նաեւ տեսակետ հայտնեց, որ Արցախում պետք է Սահմանադրությունը փոխվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը խոսեց նաեւ այսխես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ մասին:

՛՛Ես ամիսներ առաջ էլ ասել եմ, որ մեզնից Նախիջեւանի ճանապարհ չեն ուզում, որ Կապանով, կամ էլ Սիսիանով ինչ-որ ճանապարհ գծես, որ Ադրբեջանը գնա։ Ադրբեջանն ուզում է միջազգային ճանապարհ, որովհետեւ Ադրբեջանն իր տարածքով 6 գծային ճանապարհ է կառուցում՝ Արաքս գետի ափով դեպի Հայաստան, նույնն էլ Թուրքիայում, որ դուրս գան միջերկրական ծով։ Ադրբեջանը դրա համար է ասում միջանցք, որ վստահելի լինի, եւ որեւէ խոչընդոտ չլինի ու այդ ճանապարհը գործի՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: