հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան

Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան

Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ՀԱՊԿ-ից արձագանքներ են գալիս, որ Հայաստանն իր անդամավճարը չի վճարում, և դա կարող է ունենալ հետևանքներ, եթե միտումը շարունակվի, անգամ կարող են Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն: Ուրիշ բան անելու չունենք»:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ 

«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-լրագրողներին ասել է Լավրովը։

 

ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա Խորհուրդը կարող է որոշում ընդունել այդ երկրի քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքից ժամանակավորապես զրկելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը կասեցնելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Բացի այդ, նույն հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության մյուս մարմինների որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքներին կամ նույնիսկ բացառել նրան կազմակերպությունից։

Նման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։

  • Կիսվել: