Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են ՔՊ–ին. Մխիթար Հայրապետյան
Հայաստանը ժողովրդավարական երկիր է և օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե, ըստ վարչապետի, կան խնդրահարույց քաղաքական ուժեր, ինչու իրենց թողնել մասնակցեն ընտրություններին և նոր մտածել հեռացնելու մասին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, որոնք նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում»։
«Մենք ժողովրդավարական արժեքներին կառչած ենք ամուր, համարում ենք, որ հանրությունը իր քվեարկությամբ պիտի գնահատական տա և, ըստ էության, ավարտի այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի դե ֆակտո գործունեությունը, ոչ դե յուրե»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ գուցե ՔՊ–ի համար առավել հեշտ է վարկաբեկված, խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել և նոր մտածել քաղաքական դաշտը մաքրելու մասին, ԲՏԱ նախարարը պատասխանեց. «Նաև այդպես։ Դրա համար է նաև մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի դեպքում երկրի կառավարումը էլ ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, բարեփոխումներ բերելու և կյանքի որակը բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ»։
Լրագրողները նկատեցին, որ նոր ուժեր են ստեղծվում, բայց իշխանությունները էլի նրանց նախկիններին են կապում, Հայրապետյանն ասաց. «Ես ողջունում եմ բոլոր նոր ուժերի ստեղծումը։ Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են ՔՊ–ին»։


