«Ես միշտ իմացել եմ ինչ է պետք անել». Քրիստինե Պողոսյանը՝ Հովիկ Աղազարյանի դեպքի մասին
Ես շարունակելու եմ մնալ ՔՊ անդամ. Երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրենց կողքին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշել է չընդգրկվել ՔՊ–ի նախընտրական ցուցակում։
«Ընտրություններին իրենց օգնելու եմ, 2026–ին ՔՊ–ն վստահ եմ, որ հաղթանակ է ունենալու և լավ հաղթանակ է ունենալու։ Ես համարում եմ, որ քաղաքականությունից դուրս կյանք կա։ Պետք է սթափ լինել, պետք է հասկանալ, որ եթե այս պահին ուրիշ տեղ ես քեզ տեսնում, պետք է հանգիստ գնաս, չվախենաս։ Օրինակ, 30 տարվա մեջ ես տեսել եմ քաղաքական գործիչների, որոնք կառչել են քաղաքականությանը, չեն գնացել։ Ես ընկալել եմ, որ էդ մարդը այդտեղից դուրս ոչինչ չի կարողանում անի»,–ասաց նա։
Հարցին՝ հիասթափված չէ՞ Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ–ին, Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Բացարձակապես, ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձև վերաբերվում եմ պարոն Փաշինյանին, ոչ մեկից հիասթափված չեմ։ Ինքն իմ ավագ ընկերն է, կուսակցությունը այն կուսակցությունը, որի համահիմնադիրներից մեկը ես եմ եղել, ՔՊ-ից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»։
Նա հավելեց, որ իր որոշման մասին Նիկոլ Փաշինյանի հետ չի խոսել. ««Իրեն ճանաչած առաջին օրվանից որևիցե մի օր ինքը իմ ազատ կամարտահայտման վրա ազդեցություն չի ունեցել»։
Հիշեցմանը, որ Հովիկ Աղազարյանին Փաշինյանն SMS էր գրել՝ հորդորելով դնել մանդատը, նա ասաց. «Ես ասում եմ՝ իմ հետ նման բան չի եղել։ Եթե կան մարդիկ, որոնք ունենում են այնպիսի վարքագիծ և հետագիծ, որ լավ չեն ընկալում ինչ է կատարվում և իրենց պետք է բացատրել ինչ է կատարվում, այդ մարդկանց պրոբլեմն է։ Ես ասում եմ՝ ես այդ խնդիրը չեմ ունեցել, ես միշտ իմացել եմ ինչ է պետք անել»։


