«Էս մարդը մեզ հաց ու ջուր էր տալիս, մի հատ սահմանափակ մարդ եկել է, այսքան ժողովրդի ուզում է...». «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն ակցիա են անում
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտից ակցիա են իրականացնում գործարանի տարածքում, քանի որ գործարանը հուլիսի 6-ից կապարակնված է ու չեն կարողանում աշխատել։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, կապարակնքել են նաև «Արարատցեմենտ»-ը։
«Այդ մարդիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են, փակել, գնացել են։ Հարց եմ տալիս՝ բա ի՞նչ ենք անելու։ Ասում են՝ չգիտեմ, կասեք։ Մինչև այսօր այդ հարցին ոչ մեկ չի պատասխանել։ Դիմել ենք քննչական կոմիտե, ասել ենք՝ արի, այդ դրած կապարակնիքները հանի, կարողանանք աշխատել, ժողովուրդն էլ իր օրվա հացի հարցը լուծի»,- ասաց «Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը։
Նա հայտնեց, որ այն հիմքերով, ինչով իրավապահները եկել էին, ինչ փաստաթուղթ ունեին, դրանով իրենք իրավունք չունեին անել այն գործողությունները, որոնք արել են. «Քննչականին ասում ենք՝ այն, ինչ անում եք, ապօրինի է, մի արա, չի կարելի։ Ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես, գնա, ուրիշ տեղ բողոքի»։
Գործարանի աշխատակիցներն էլ նշեցին, որ ապառիկներ ունեն, այժմ, քանի որ գործարանը չի աշխատում, իրենք էլ աշխատավարձ չեն ստանա ու չեն կարողանա վճարել։
«Էս մարդը մեզ հաց ու ջուր է տալիս, մի հատ սահմանափակ մարդ եկել է, այսքան ժողովրդի ուզում է... Ո՞վ պետք է մեր իրավունքները պաշտպանի»,- ասաց աշխատակիցներից մեկը։



