շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի, որ միասին ընթրենք․ Ստեփան Միքայելյանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության մասին

Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի, որ միասին ընթրենք․ Ստեփան Միքայելյանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության մասին

ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ զրուցեց լրագրողների հետ՝ անդրադառնալով այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի աղմկահարույց ձայնագրությանը:

Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում այդ ձայնագրության մեջ, նա պատասխանեց. ՛՛Դե, հիմա գործը հարուցվել է, դրա արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է, եւ ես իրավունք չունեմ դրա մասին որեւէ դիտողություն կամ կարծիք հայտնելու՛՛:

Լրագրողների դիտարկմանը, թե ինքը որպես միջնորդ է հադես եկել, Միքայելյանը նշեց, որ այդտեղ միջնորդության խնդիր չի եղել: ՛՛Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր՛՛:

Խոսելով քաղհասարակության՝ իր հրաժարականի վերաբերյալ խահանջի մասին՝ Միքայելյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:

Նշենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

  • Կիսվել: