երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ես համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյան

Ես համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյան

«Հուսամ՝ նման լարում, ծայրահեղ վիճակ չի լինի, դա կլինի լավագույնը»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե եկեղեցի-իշխանություն լարվածությունն ինչպե՞ս պետք է լուծվի։

Աբրահամ Սրբազանը հիշեցրեց Վազգեն Կաթողիկոսի խոսերը՝ «ամենից առաջ պետք է հիշենք, որ մենք նույն ազգի հարազատ զավակներն ենք»։

Հարցին՝ այս պարագայում ո՞վ պետք է գնա փոխզիջման, Աբրահամ Սրբազանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք փոխզիջում ասելիս։ Ենթադրում եմ՝ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ և կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում, քննարկվում են այդ հարցերը, ինչպես մեր պատմության ընթացքում այդ հարցերը քննարկվել, լուծվել են ժողովներում։

Այսօր այդ հերթական ժողովներից մեկն է, որը պատասխաններ պետք է որ տա»։

Հարցին՝ կո՞ղմ է Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը, Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն ասաց. «Կարող եմ Բագրատ Սրբազանի մասին ասել այն, ինչ որ ներկայացվումէ ժողովներին։ Ես այդ հարցով իր հետ ուղիղ չեմ խոսել, իմ տրամաբանությունը այդ ուղղությամբ կախվածէ այս ժողովներում ասված նյութի հետ։ Իսկ ժողովների նյութը հրապարակվում է։ 

Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ եկեղեցին քաղաքականության մեջ պիտի չխառնվի՝ ոչ նախկինում, ոչ այսօր։

Ես համամիտ չեմ եղել և այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ»։

Հարցին՝ Միքայել Սրբազանի կալանավայրում լինելը մեկ տարի առաջ հնչած խոսքի համար իր համար հանդուրժելի՞ է, Վայոց Ձորի թեմի Առաջնորդը պատասխանեց. «Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են»։   

  • Կիսվել: