ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ես երբեք չեմ ասել, որ ծառերն անվտանգություն են ապահովելու․ Փաշինյանը՝ Կիրանցի մասին

Ես երբեք չեմ ասել, որ ծառերն անվտանգություն են ապահովելու․ Փաշինյանը՝ Կիրանցի մասին

Հայաստանի Հանրապետության սահմանազատված հատվածում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ մի օտարերկրյա ներկայացուցիչ չկա։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Փաշինյանն ասաց, որ Կիրանցում ՀՀ դե յուրե նշանակություն ունեցող պետական սահմանը ճշգրիտ անցնում է այն տեղով, որը նկարագրված է, և հերթական անգամ որպես ապացույց ներկայացրեց իր ձեռքում եղած քարտեզը։
 
«Դպրոցով չի որոշվում տարածքը։ Որոշվում է պետական սահմանով»,- հայտարարեց Փաշինյանը։
Պատգամավորը հարց էր ուղղել, թե ո՞ր իրական Հայաստանում է, որ գյուղը կարող է կիսվել երկու մասի, և դպրոցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա պետք է կանգնի Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը։
«Էդ ո՞ր իրական Հայաստանում է, որ դուք կիրանցեցիներին ասում եք, որ ձեր անվտանգությունը պետք է ապահովեն ծառերը։ Էդ իրական Հայաստանում հիմա Ձեր անվտանգությունն ապահովում են տասնյակ հազարավոր է՛լ ոստիկանական ուժեր, ԱԱԾ ուժեր, է՛լ փրկարար ծառայության աշխատողներ։ Այ հենց հիմա իրական Հայաստանում աղետի գոտով զբաղվող գերատեսչությունը՝ փրկարար ծառայությունը, զբաղված է այստեղի անվտանգությունն ապահովելով»,- հարցրեց Դանիելյանը։
Արձագանքելով դպրոցը ծառերով պաշտպանելու դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց, թե երբեք չի ասել, որ ծառերն անվտանգություն են ապահովելու։
 
«Էնտեղ մարդիկ հարց են տվել, որ երեխաները կարող են այդ տեսարանից հոգեբանական խնդիր ունենալ, ես ասել եմ, որ տեսարանը փակելու համար կարելի է ծառ տնկել։ Անվտանգության ապահովման մասին խոսք չի եղել, անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ Կիրանցը՝ որպես բնակավայր, հիմա ապահով է, քան երբևէ»,- շեշտեց Փաշինյանը։
Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ հավելելով, որ հենց հիմա Ջերմուկից մի քանի մետր հեռավորության վրա՝ ՀՀ սուվերեն տարածքում, ադրբեջանցիներն են, բայց այդ մասին խոսք չկա։
«Դուք չե՞ք հասկացել մինչ այսօր, որ էս զիջումների շղթան դադարեցնելու միակ լուծումը Ձեր հեռացումն է իշխանությունից, որովհետև միգուցե նոր հնարավորություններ ու հորիզոններ բացվեն»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ անգամ եթե կառավարության ղեկավարն իր հարազատ եղբայրը կամ հայրը լիներ, ինքը կհորդորեր նրան հեռանալ իշխանությունից։
Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ Դանիելյանի ելույթի բանալի բառը «միգուցե»-ն էր։
 

«Այսինքն՝ Ձեզ համար պետության կառավարումը կազինոյի նման է. պտտում եք, ասում եք՝ միգուցե կլինի կարմիր 26, միգուցե․․․Այսինքն՝ Ձեզ համար պետությունը ռուլետկա՞ է, ես հասկանում եմ, որ ընդդիմության շարքերում կազինոյային տրամաբանությունը շատ մեծ ճանաչում ունի։ Ձեզ նկատի չունեմ. դե, հայտնի պատմություններ կան, իսկ միգուցե ո՞չ, միգուցե սխալվո՞ւմ եք»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: