հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ նաև, որ հանդիպում տեղի է ունեցել Հայաստանում, այսինքն՝ մեր տարածաշրջանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է՝ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ և կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպմանը:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ումն էր հանդիպման նախաձեռնությունը, Փաշինյանը պարզաբանեց. «Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի, թե կա՞ արդյոք հետաքրքրություն, այսինքն՝ նման անհրաժեշտություն կա՞, թե՞ չէ»:

Լրագրողի մեկ այլ հարցի, թե այդ հանդիպման ընթացքում Բաքվին բացատրություն տրվե՞լ է, որ Հայաստանում կես միլիոնից ավելի քաղաքացիները, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, ընտրությունը կատարել են ընտրակաշառքով, և դա ամենևին Ղարաբաղյան շարժումը շարունակելու շրջանակում չի եղել: Արդյոք նման բացատրություն ներկայացվե՞լ է Բաքվին: Եթե՝ այո, նվաստացուցիչ չէ՞, որ Երևանն իր ներքաղաքական կյանքը քննարկում է Բաքվի հետ:

«Մենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք, որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը, և մենք, ինչպես պարտավոր ենք, զբաղված էինք իրադրության կառավարմամբ: Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել:

Մյուս կողմից՝ դիվանագիտական հիմնական աշխատանքն աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է. կողմերն իրենց դիրքորոշումներն իրար համար պարզաբանում են, մտահոգություններն իրար համար պարզաբանում են: Այսինքն՝ երբ հանդիպում են ցանկացած երկու իքս երկրի ներկայացուցիչներ, ի՞նչ են անում. իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի այդ դիրքորոշումները երրորդ կողմերի մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն: Այսինքն՝ այն, ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկը ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց, առանց բացառության, աշխարհի բոլոր երկրների բանակացությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են, միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են:

Ինչո՞ւ միայն այդ հարցերը, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում՝ սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր: Այսինքն՝ այն, ինչ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք, առանց բացառության, այսինքն՝ տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու:

Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, քննարկել ենք ամենատարբեր հարցեր՝ տնտեսական, քաղաքական և այդպես շարունակ, այսինքն՝ դա է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ, դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

  • Կիսվել: