ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան

Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Գլխավոր դատախազության դիմաց ակցիա իրականացնելուց եւ ելույթ ունենալուց հետո շարունակեց իր երթը. ԱԳՆ-ի շենքի դիմաց վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով շղթա են կազմել:

ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանն ասաց. «Արդեն տեւական ժամանակ է, որ թուրք-ադրբեջանական իշխանությունները ձայնակցելով հայաստանյան իրենց  գործակալներին կամ ներկայացուցիչներին, ամենավերջին աստիճնով նվաստացնում են Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ ՀՀ ժողովրդին: Վերջինների շարքում իրենց մեծավորի՝ Հեյդարի որդի Իլհամի հայտարարություններն են Խոջալուի հետ յկապված, որ Խոջալուում տեղի է ունեցել ցեղասպանություն եւ ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու դրա համար:

Մենք շատ կասկածներ ունենք, որ արդեն գրավոր կամ բանավոր ներողություն խնդրել, ուղարկել են: Թե Թուրքիայից, թե Ադրբեջանից ինչ ուզել մեզ ասել են»:

Դիմելով ոստիկաններին, Սրբազանն ասաց. «Ձեզ բերել են, դուք չեք եկել: Դա էլ է անպատվություն, որ մարդկանց բերում են, տանում են: Ձեզ էլ են նվաստացնելու իրենք, տղերք: Մենակ իրենց նկարագրով չի, իրենք արդեն նվաստ են»:

Ոստիկաններից մեկը հորդորեց չվիրավորել ոստիկաններին, ինչին Սրբազանն արձագանքեց. «Չեմ վիրավորում, անդրադառնում եմ, իմ երկիրն է, իմ ոստիկանը, ո՞նց թե մի անդրադարձեք: Ո՞րն է վիրավորանք: Ես քաղաքական գնահատական եմ տալիս, եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական: Ես իրենց համար ցավ եմ ապրում, որ էդ նվաստները, թշնամու առաջ ծնկած, կմկմալով խոսացողները կարող են հրաման տալ»:

  • Կիսվել: