Ես չեմ իջնի նրանց մակարդակի․ ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե ում ենք ընտրել վարչապետ․ Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, թե Գյումիրում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել։
Նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։ Ամբողջ հանրապետության ՔՊ–ականներին բերել–լցրել էիք Գյումրի, ավտոբուսներով մարդիկ էիք բերում, ցուցակներ էիք կազմում։ Հիմա ես փաստ կարող եմ ասել, որ մի տան վրա 57 հոգի էիք գրանցել։ Մյուսն ասեմ՝ քաղաքում փլված շենքներ կան, որոնք գոյություն չունեն, բայց ընտրությունների ժամանակ այդ շենքները կային նրանց համար:
Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Պետությունն ու ժողովրդավարությունը պետք է իրենք իրենց պաշտպանելու մեխանիզմները կատարելագործեն
Սրանք երկու օր է խառնվել են իրար, ասում են՝ Վարդան Ղուկասյանը չի իջնում ամբիոնից։ Ես ուզում եմ հասկանալ՝ սրանք ուրիշ բան ու գործ չունեն, մեր երկիրը արտաքին ու ներքին խնդիրների առաջ է կանգնած։ Վարդան Ղուկասյանն ի՞նչ վատ բան է ասել, այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևէ բան ասել։ Երբ ասում եմ միություն, այդ միությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն կամ որևէ այլ երկիր հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Բայց ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել:
Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, օր ու գիշեր Գյումրիի մասին եք խոսում:
Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։
Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինանը Ղուկասյանի մասին ասել էր. «Պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:


