Երկար տարիներ բազմաթիվ երկրներ հրաժարվել են մեզ սպառազինություն վաճառել՝ պատճառաբանելով, որ այն կարող ենք օգտագործել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս. Փաշինյան
Երկար տարիներ մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։ Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։ Այս մասին այսօր պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։
Լեգիտիմությունը, ուզում եմ նորից ընդգծել, չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում և հասանելիություն տալիս անվտանգության ապահովման ժամանակակից շատ միջոցների և տեխնոլոգիաների։
Եթե ավելի պարզ ասեմ՝ լեգիտիմությունն ինքնին փոքրացնում է պատերազմի վիճակում հայտնվելու հավանականությունը, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն, անգամներով մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետև երբեք և ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք։ Եվ այս ըմբռնումը սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունն ավելացնում է անգամներով։
Այս նույն բանաձևը կիրառելի է նաև արտաքին հարաբերությունների այլ ոլորտներում, ինչպես նաև ներքին օրակարգերի սպասարկման տեսակետից։ Սա կարելի է պետության և պետական հիգիենայի էական և կենսական մաս համարել։
Այս նկատառումով է, որ սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ՛՛։


