հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Երիտասարդական խորհրդարանի» լիագումար նիստին հավանության արժանացած օրինագիծը կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

«Երիտասարդական խորհրդարանի» լիագումար նիստին հավանության արժանացած օրինագիծը կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

Oգոստոսի 29-ին լիագումար նիստ է հրավիրել «Երիտասարդական խորհրդարանը»: Նիստի օրակարգում ներառված է եղել երեք օրենսդրական նախաձեռնություն:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Ասյա Գաբրիելյանը քննարկման է ներկայացրել օրինագիծ, որը վերաբերում է կրթության ոլորտում արհեստական բանականության գործիքի կիրառման համար իրավական հիմքերի ներդրմանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Օհանյանը նշել է, որ քննարկվող հաջորդ նախաձեռնության նպատակը հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելումն է: Այս համատեքստում ընդգծվել է կրթության դերի և հասանելիության կարևորությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նորայր Հարոյանն էլ տեղեկացրել է, որ հաջորդ օրինագծով առաջարկվում են կամավորական աշխատանքի դերի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ:

Քվեարկության արդյունքում հավանության արժանացած օրինագիծն առաջիկայում կքննարկվի ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:

Նշենք, որ երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել են նաև 2025 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները:

Նիստի ավարտից հետո երիտասարդներին ողջունել և հաջողություններ են մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, Շվեդիայի Թագավորության դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը և ՄԱԶԾ նշտական ներկայացուցչի տեղակալ, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին: Նրանք հույս են հայտնել, որ նման ծրագրերը կլինեն շարունակական և հնարավորություն կտան երիտասարդներին տեղում ծանոթանալու օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին:

Այնուհետև երիտասարդներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը:

ՄԱԶԾ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի և Կանադայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից:

  • Կիսվել: