կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին

Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին

Ազգային ժողովի այսօր նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը, թե քարոզարշավի ժամանակ տեղեկատվական տեռոր է եղել, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածել է տեղեկատվություն, թե «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանություն ստանձնելու պարագայում հայերը գնալու են Դոնբաս:

Նա, մասնավորապես, նշեց. «….Մի բան, որը որևէ կերպ չեք կարող ապացուցել, որովհետև որևէ հնարավոր հարթակում՝ առնվազն մեզ հետ առնչվող, նման տեղեկատվություն չի շրջանառվել, առավել ևս՝ խոսում եք Հանրային հեռուստաընկերության մասին»:

Անդրադառնալով Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկին՝ երդման տեքստի ընթերցման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների՝ ոտքի չկանգնելուն, Աղաջանյանը հետաքրքրվեց՝ քաղաքական մշակույթի տեսանկյունից սա ի՞նչ ուղերձ էր հանրությանը:

Նա դիմեց ընդդիմությանը՝ ասելով. «Տեքստը կարդացեք, մի տեքստ, որը խոսում է ՀՀ շահերի պաշտպանության և ՀՀ բարօրության մասին, ու դուք ոտքի չեք կանգնո՞ւմ: Սա ի՞նչ ուղերձ է հանրությանը: Սա լավ սկիզբ չէ, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ՝ վերանայեք ձեր գործունեությունը»:

  • Կիսվել: