Երբ ՀՀ-ն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի. Փաշինյան
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Այս մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։
Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ ունենք»,-նշել է նա։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է. «Երբ ՀՀ-ն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ Եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի՝ լուծած կլինենք մի խնդիր՝ ՀՀ-ն կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր»:


