Եռակողմ համաձայնագրերը նախկինի պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արցախում հրադադարի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հարցազրույցների մեկնաբանության խնդրանքին ի պատասխան։
Զախարովան, մասնավորապես, նշել է. «Մանրամասն տեղեկություն է տրամադրվել ինչպես այդ ժամանակվա իրադարձությունների, այնպես էլ մեր երկրի ընդհանուր ներդրման մասին հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Մեր երկրի դիրքորոշումն այդ հարցում բնութագրվում է անկեղծությամբ և հետևողականությամբ։ Ի դեպ, մենք պարբերաբար մեկնաբանում ենք այդ հարցը ճեպազրույցների ժամանակ և պատասխանում հարցերին։ Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելուն։
Հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և՛ 2020-ին, և՛ 2023-ին։ Ակնհայտ է, որ եռակողմ համաձայնագրերն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, դրանք շարունակում են կազմել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի «ճանապարհային քարտեզը»։ Եվ մենք պատրաստ ենք շարունակելու մեր գործընկերներին տրամադրել այն օգնությունը, որը նրանց անհրաժեշտ է՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար»:


