հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ը ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությանը. փոխվարչապետ

Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ը ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությանը. փոխվարչապետ

Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություն են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար: Այս մասին այսօր Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնում են և, մեր կարծիքով, ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազամավարության հետ: Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը: Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցված առաջընթացը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ»:

Գրիգորյանը հավելեց, որ այսօր ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. «Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ-ի կողմից հաստատված Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը»:

  • Կիսվել: