երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին ներկայացրել եմ Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականությունն ու հետևանքները. Գաբրիելյան

Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին ներկայացրել եմ Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականությունն ու հետևանքները. Գաբրիելյան

Ապրիլի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունել եմ ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեցի տիկին ֆոն Յոդեն-Ֆորջիին՝ հրավերն ընդունելու և Ազգային ժողով այցելելու, ինչպես նաև ինստիտուտի և անձամբ իր կողմից կատարված մեծ աշխատանքի համար։
 
Ներկայացրել եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը և դրա հետևանքները, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նպատակներն ու ծրագրերը, կարևորել միջազգային հանրության կողմից հարյուր հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության սատար կանգնելը, ինչպես նաև շեշտադրել ցեղասպանությունների միջազգային հետաքննման մեխանիզմների գոյության հրամայականը։
 
Տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջինն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողական մոտեցումները և ընդգծել խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ տանելու գործում՝ վերահաստատելով ինստիտուտի նվիրվածությունը և պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերեցինք Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության միջև համագործակցության վերաբերյալ»։

  • Կիսվել: