ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդուարդ Աղաջանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձության հարցը

Էդուարդ Աղաջանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձության հարցը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հունիսի 14-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Նիկլավս Նեիմանիսը, Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդ Լևրենսը և Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հետ հարաբերությունները՝ որպես Եվրոպայում կարևոր գործընկերոջ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա:

«Մենք հանձնառու ենք խորացնել և ընդլայնել Լատվիայի հետ փոխշահավետ միջպետական համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հույս հայտնելով, որ պատվիրակության այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ երկու երկրների խորհրդարանների համագործակցության մակարդակը պետք է ավելի ակտիվ լինի: Նա կարևորել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումները և հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանն առաջիկայում կնշանակի բարեկամական խմբի նոր ղեկավար:

Հայկական կողմն անհամբեր սպասում է խորհրդարանականների փոխայցելություններին, որոնք նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական կապերին:

Անջեյս Վիլումսոնսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Տևական ժամանակ անց սա իմ երկրորդ այցն է Հայաստան, և խորապես տպավորված եմ զարգացման նման աճով: Շատ է գեղեցկացել Երևանը»,- ասել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը:

Նա նշել է, որ անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո նկատելի են Հայաստանում ժողովրդավարության արժեքների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված քայլերը:

Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմին և դրանից բխող հումանիտար հետևանքներին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Կողմերը քննարկել են ԵՄ երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանում անվտանգության պահպանմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: