շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 ԵԱՀԿ-ում ՀՀ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Ադրբեջանի գործողությունները

ԵԱՀԿ-ում ՀՀ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Ադրբեջանի գործողությունները

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը News.am-ի եւ «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին տեղեկանում ենք News.am-ից:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այսօր Բրատիսլավայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից անմիջապես առաջ ադրբեջանական կողմը տարածել է մի փաստաթուղթ, որն արտացոլում է Ադրբեջանի Հանրապետության մոտեցումները ղարաբաղյան կարգավորմանը։ Մոտեցումների էությունը հանգեցվում է այն բանին, որ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել տարածքների վերահսկողությունը, վերադարձնել Ղարաբաղ փախստականներին եւ հետո նոր համաձայն է «որոշել Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում»։

«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերեւս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- ասել է Արմեն Պապիկյանը:

Մինչդեռ, PrimeNews-ի տեղեկություններով, պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը դեռեւս ձեռնպահ են մնում այդ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններից ՝ սպասելով Բրատիսլավայում կայանալիք նախարարական հանդիպման արդյունքներին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փաստաթուղթ է հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալԱդրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այն ներկայացվել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին: 

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Նշվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային մոտեցմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա:

Փաստաթղթում նշվում է, որ առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և «Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներից», ինչին պետք է հաջորդի «բռնի տեղահանված Ադրբեջանի բնակչության վերադարձը՝ նրանց անվտանգության ապահովմամբ և տարածաշրջանային հաղորդակցման ուղիների բացումամբ»:

Հաջորդ փուլը, ըստ փաստաթղթի, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի «տարածաշրջանի» կարգավիճակի որոշումը՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն և նրա սահմաններում:Կարգավիճակի որոշումը, նշվում է փաստաթղթում, պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, իրավական գործընթացի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի «շրջանի» բնակչության, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական համայնքների անմիջական, լիարժեք և հավասար մասնակցությամբ, Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցությամբ:

«Նման կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը հավասար և ոչ խտրական հիմունքներով»,- նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթի եզրափակիչ մասում նաև ասվում է, որ Ադրբեջանը վերը նշված շրջանակից դուրս հակամարտության քաղաքական լուծում չի տեսնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: