հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է ԱՄՆ-ին

ԵԱՀԿ ՄԽ վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է ԱՄՆ-ին

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:

Այդ քայլն Աբդուլլաևան որակել է «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել է Աբդուլլաևան:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, թե իբր Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստում այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Ինչպես հայտնում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, ավագ խորհրդականի իրավասության շրջանակներում ներառված է նաև ԼՂ հակամարտության կարգավորումը:

Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար այս կրիտիկական շրջանում:

  • Կիսվել: