Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» տերմինով. Վարդանյան
Էս ամբիոնից քիչ առաջ խոսում էր մարդ, ով դատարանի որոշմամբ պետք է զրպարտության մեղադրանքով պետք է ներողություն խնդրի։ Ուղղակի պետք է հիշեցնեմ, որ նման ամեն մի ելույթից հետո մի քանի հայցեր են դատարաններում ձեր դեմ հայտնվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե Հայաստանը ՌԴ-ի գուբերնիա էր։
«Ոնց որ մի քանի տարի պահանջվեց, որ իշխելուց հետո հասկանայիք, որ մենք գուբերնիա ենք, այդ մի քանի տարին գուբերնատորներ էիք՞»,-հայտարարեց պատգամավորը։
Վարդանյանը նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեով Նախագահի աշխատակազմի հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ, իսկ վարչապետի աշխատակազմին 24 մլրդ 365 մլն դրամ «Սա նշանակում է, որ դուք՝ սիրելի քաղաքացինե՛ր, շնորհավորում եմ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկենր է գրում և նրա համար ամեն օր ՀՀ քաղաքացիները վճարում են 11 հազար դոլար, որ այդ մարդը գնա նկարվի հուղարկավորություններին, և շնորհավորական բացիկենր գրի, իսկ ահա վարչապետի աշխատակազմի համար դուք ամեն օր վճարում եք 166 հազար դոլար»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնելով, որ 2018 թվականին Նախագահի աշխատակազմի և կառավարության համատեղ բյուջեն մոտ 8 մլդ դրամ էր՝ Վարդանյանը շարունակեց. «Այսինքը, սեփական ֆինանսավորումը 4 անգամ ավելացրել է այն ուժը, որն առնվազը երկու նախարարություն է փակել՝ աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող ազգի սփյուռքի նախարարությունը և ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության նախարարությունը՝ օպտիմալացման նպատակով։ Ընենց են օտիմալացրել մարդիկ, որ ծախսերը 8 անգամ աճել է»։
Այնուհետև, Վարդանյանն անդրադարձավ հանցավորության աճին՝ ընդգծելով, որ 2018-22 թթ հանցագործություններն աճել են 66 տոկոսով։ «Որպեսզի հասկանաք, որ սա բացառապես ձեր կառավարման մեղքն է, պետք է իմանաք, որ ձեզանից առաջ 5 տարում աճը ընդամենը 11 տոկոս է եղել, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները աճել են 140 տոկոսով։ Ծանր հանցագործությունների մասին չեմ խոսում, օրը մեջ մայրաքաղաքում զենքի կիրառմամբ հանցագործություն է տեղի ունենում, ոստիկանությունը գիտե՞ք ում է բռնում, տապալում գետնին, ձերբակալում՝ թռուցիկ բաժանող երիտասարդներին ու մեքենայում հայտնաբերվում է մասսայական ոչնչացման զենքը՝ թռուցիկը, բրավո»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնակոլ իրական և պատմական թեզին՝ ընդգծելով, որ Փաժշինյանը չի կարող նշել մի ադեկվատ քաղաքական գործչի, որը երբևէ ասել է, որ պետք է Երևանը թողնենք, գնանք Վանում ապրել։
«Նիկո՛լ Փաշինյան, դուք ուղղակի գիտեք, որ մեր ժողովրդի մի մասը Թուրքիայից ու Ադրբեջանից շարունակում է վտանգ զգալ, ուղղակի ձեր ծրագիրը քողարկում եք այդ բանավեճի մեջ։ Իրականում միակ քննարկման առարկան հետևյալն է, արդյոք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, թե ոչ, ինչ ենք անում մենք այդ սպառնալիքը վերացնելու համար։ Դուք պարզապես Թուրքիային ու Ադրբեջանին մեր պրոտեկտորատ, մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Վարդանյանի խոսքով՝ աշխարհում մեկ պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան է, աշխարհում մեկ պետություն կա, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի ու Հայաստանի վրա՝ Ադրբեջանն է։
«Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։ Ձեր «իրական Հայաստան»-ը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»,- հավելեց Վարդանյանը։