հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դուք մնալու եք ՀՀ-ում ԵՄ այն դեսպանը, որի դռան մոտ քաղաքացուն էին ծեծում, կրակում, և Դուք լռում էիք․ Մամիջանյան

Դուք մնալու եք ՀՀ-ում ԵՄ այն դեսպանը, որի դռան մոտ քաղաքացուն էին ծեծում, կրակում, և Դուք լռում էիք․ Մամիջանյան

Մենք ապրում ենք մի աբսուրդ իրականությունում, երբ ոստիկանը հերոսի ծնողին ասում է՝ հերոսի ծնող ես, դրա համար ենք քեզ ծեծում: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խաղաղ ցույցի ժամանակ հատուկ սադրիչներ են պատրաստվում, որոնք հետո փորձեն արդարացնել սեփական ժողովրդի վրա կրակելը։ Մենք ապրում են մի երկրում, որտեղ ժողովրդավարության ֆորումին լրագրողներին, ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մասնակցել։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ուղղորդված սոցապ աշխատակիցների, փոստատարների միջոցով բոլոր այն ընտանիքներին, որտեղ կա զոհ, փորձում են ներշնչել, որ եթե ցույցի մասնակցեն, Զինվորների ապահովության հիմնադրամի վճարումները կդադարեն՛՛:

Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ արևմտյան երկրների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների լռությունը գին ունի, որը վճարվել է Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններով, որովհետև, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել այդ լռության դիմաց։

Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով Հայաստանում ԵՄ դեսպանին, ասաց, որ վերջինս տևական ժամանակ անհասկանալի լռություն է ցուցաբերում, մինչդեռ հունիսի 3-ին կատարվածը տեղի է ունեցել ԵՄ դեսպանատան դռան դիմաց։

՛՛Դուք չեք կարողանալու ասել՝ մենք դա չտեսանք, որովհետև ձեր տեսախցիկներն են նույնիսկ դա ֆիքսել։ Ես չգիտեմ, թե երբ է ավարտվելու Ձեր առաքելությունը, իմ տեղեկություններով՝ շատ շուտ, որովհետև դիվանագիտական նման կարիերան չի կարող շատ երկար շարունակվել։ Բայց Դուք հավերժ մնալու եք ԵՄ այն պաշտոնյան Հայաստանում, որի դռան մոտ քաղաքացի էին ծեծում, քաղաքացու վրա կրակում էին, ու Դուք լուռ եք մնացել այդ ժամանակ, ու Դուք դա չեք մարսելու՛՛,-ասաց Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3-ին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

  • Կիսվել: