ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Դուք կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք. Ռուբինյանը՝ երեք նախագահներին

Դուք կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք. Ռուբինյանը՝ երեք նախագահներին

Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուռոգատների միջոցով, այսինքն՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և լրագրողների միջոցով, գալ և բանավիճել կամ լռել առհավետ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով այսօր հրապարակված բանակցային փաստաթղթերի մասին:

Նա նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, ասել էր՝ հրապարակե՛ք բանակցային փաստաթղթերը:

«Դե ինչ, սիրելի՛ երեք նախագահներ՝ այսպես կոչված, բանակցային փաստաթղթերը այսօր հրապարակվեցին, և, ըստ էության, դուք կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք: Բայց իրականում այդ խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որովհետև որ գաք, էլի խայտառակ եք լինելու»,-ասաց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող՝ պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

  • Կիսվել: