Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստ Կորոտչենկոյին, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյան
2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականապես կանխվելու են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Քանի որ Ադրբեջանը վտանգ է զգում Հայաստանի ընդդիմությունից, ակնհայտ է, որ նրանք պետք է պայքար սկսեն հայ ընդդիմադիրների դեմ։ Մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, սև քարոզչությունը, վարկաբեկման նողկալի փորձերը, այնպես, որ Իգոր Կորոտչենկոյի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ խորապատկերի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ Կորոտչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում:
«Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Կորոտչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում։ Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին։ Իսկ ինչու եք ցիտում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետև ինքը Բագրատ Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։
Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոտչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել է Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում եք»,- դիմելով Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Արթուր Խաչատրյանը։